Քննական առաջադրանքներ

Հասարակագիտություն

Հոդված 35. Ամուսնանալու ազատությունը

1. Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը եւ տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության եւ բարոյականության պաշտպանության նպատակով:

Ամուսնությունները վաղ Հայաստանում ՝

Դեռևս վաղ անցյալում Հայաստանում տիրապետող է եղել մենամուսնությունը, որը կարգավորվել է եկեղեցական կանոններով: Քահանաներին արգելվել է  առանց քննության և հարցման պսակել ամուսնացողներին։ Զավակներին բռնի ամուսնացնող ծնողները ենթարկվել են կանոնական պատժի։

Հայոց եկեղեցին դեմ է եղել  երկրորդ անգամ ամուսնությանը, ինչպես նաև գաղտնի ամուսնությանը։  Եկեղեցական կանոններով արգելվել է ազգականների՝ միմյանց հետ ամուսնությունը: Կիլիկյան Հայաստանում հատուկ կարևորությամբ են վերաբերվել ամուսնաընտանեկան հարաբերություններին, անառողջների ամուսնությունը դիտվել է ազգի ապականություն և արգելվել բժշկական զննումից հետո։ Ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի պարտադիր էր կնոջ համեմատ տղամարդու մեծ (տարեց) լինելը (դա համարվում էր ամուսնու գերիշխանության պայման)։ Անհավատարիմ ամուսինների համար նախատեսված էր տուգանք: Դատաստանագրքով արգելվում էր նոր ամուսնացածին բանակ տանելը։

Ամուսնությունները Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետությունում ամուսնությունը հիմնված է ամուսինների ազատ ընտրության, նրանց փոխադարձ սիրո և  հետաքրքրությունների ընդհանրության վրա։ Ամուսնությունն ազատ և իրավահավասար տղամարդու եւ կնոջ՝ օրենքով սահմանված կարգով կազմված կամավոր միություն է։

Ամուսնության և ընտանիքի պահպանության հարցերը կարգավորվում են ՀՀ ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքին համապատասխան: Ամուսնությունը գրանցվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում՝ ամուսնացողների դիմում ներկայացնելուց հիմնականում 1 ամիս հետո։

Ամուսնության գրանցման համար անհրաժեշտ են ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը և ամուսնական տարիքը (18 տարեկան)։ Բացառիկ դեպքերում կանանց համար այդ տարիքը կարող է նվազեցվել 1 տարով։

Կան նաև պայմանագրով կարգավորվող ամուսնություններ. ամուսնացող կողմերի միջև կնքվում են պայմանագրեր, որոնցով սահմանվում են ամուսինների անձնական և գույքային իրավունքներն ու պարտականությունները։

Ամուսնություն չի թույլատրվում այն անձանց միջև, որոնցից մեկը այլ ամուսնության մեջ է, ազգակցության մեջ գտնվող անձանց, հարազատ և խորթ եղբայրների ու քույրերի, որդեգրողների և որդեգրվածների միջև, այն անձանց միջև:

Բազմակնությունն արգելվում է ՀՀ օրենքով: Դրանք բացառելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում, նախկինում ամուսնացած անձանց միջև նոր ամուսնություն գրանցելիս, պահանջում են ամուսնալուծությունը  կամ նախկին ամուսնու մահը հաստատող փաստաթուղթ։

Թվարկված պայմանների խախտումով կայացած ամուսնությունը համարվում է անվավեր։

Ամուսնության հասուն շրջան

Յուրաքանչյուր ընտանիքի կյանքում բարդ ժամանակաշրջան է սկսվում երեխաների հասունանալուց հետո։ Տանից նրանց հեռանալը, սեփական ընտանիք կազմելը հաճախ ծնողները ցավագին են ընդունում, հատկապես, երբ ընտանիքը լրիվ չէ (հաճախ առանց հայր է), կամ երբ երեխան միակն է։ ։ Նման դեպքերում հիմնականում երեխայի դաստիարակությամբ միավորված ամուսիններին տիրում է հիասթափություն, կամ ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը հանգեցնում է օտարացման։  Շատ ծնողներ անհաջող փորձեր են ձեռնարկում իրենց հասուն զավակների կյանքին միջամտելու, կյանքի ուղեկցի ընտրության հարցում նրանց որոշումների վրա ազդելու համար։ Առանձնապես սխալ է հասուն զավակներին ապերախտության մեջ մեղադրելը, թե «նրանց են նվիրաբերել իրենց ողջ կյանքը»։ Սովորաբար հասուն զավակներն ընդդիմանում են ծնողների այդպիսի վարքագծին և պաշտպանում ինքնուրույն որոշումներ կայացնելու, անձնական կյանք ունենալու իրենց իրավունքը։ Բնականոն, բարյացակամ հարաբերություններով ընտանիքում, որտեղ դեռ փոքր տարիքից հաշվի են առնում երեխայի անհատականությունը, ամեն ինչ բարեհաջող ընթացք է ունենում։


Հոդված 140 ․ Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործություններ

1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝

1) քաղաքացիական բնակչության կամ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող առանձին քաղաքացիական անձանց կամ ռազմական գործողություններին անմիջական մասնակցությունը հանցավորի համար ակնհայտորեն դադարեցրած անձի վրա հարձակումը․

2) քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ կրոնական, կրթության, արվեստի, գիտության կամ բարեգործության նպատակների համար նախատեսված շենքերի, պատմական հուշարձանների, բժշկական հաստատությունների, հիվանդների կամ վիրավորների կենտրոնացման վայրերի կամ չպաշտպանվող տարածքների կամ ապառազմականացված գոտիների կամ չպաշտպանվող կամ ռազմական օբյեկտ չհանդիսացող այլ բնակավայրերի կամ շենքերի կամ շինությունների վրա հարձակումը․

3) հարձակումը, եթե ակնհայտ է, որ այն կհանգեցնի քաղաքացիական անձանց պատահական մահվան կամ խեղման կամ վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին կամ լայնածավալ, երկարաժամկետ և լուրջ վնաս կպատճառի շրջակա միջավայրին, եթե այդպիսի վնասներ պատճառելը ակնհայտորեն անհամաչափ է կոնկրետ կամ անմիջականորեն ակնկալվող ընդհանուր ռազմական առավելության համեմատությամբ, կամ

4) վտանգավոր ուժեր պարունակող կառույցների և սարքերի վրա հարձակվելը, եթե ակնհայտ է, որ այդպիսի հարձակումը կհանգեցնի չափազանց մեծ կորուստների կամ վիրավորումների քաղաքացիական անձանց շրջանում կամ վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին կամ շրջակա միջավայրին, եթե այդպիսի վնասներ պատճառելը ակնհայտորեն անհամաչափ է կոնկրետ կամ անմիջականորեն ակնկալվող ընդհանուր ռազմական առավելության համեմատությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:

2. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝

1) քաղաքացիական բնակչությանը սովի մատնելը` իբրև պատերազմ վարելու եղանակ, նրանց զրկելով գոյատևելու համար անհրաժեշտ միջոցներից, ներառյալ վերաբերելի միջազգային փաստաթղթերով նախատեսված օգնություն տրամադրելուն խոչընդոտելը,

2) ոչ ոքի կենդանի չթողնելու հրաման տալը կամ նման հրամանով սպառնալը,

3) 137-րդ հոդվածի 4-րդ մասում նշված հովանավորվող անձանց ներկայության օգտագործումը՝ որոշակի վայրեր, տարածքներ կամ զինված ուժեր ռազմական գործողություններից անձեռնմխելի դարձնելու համար,

4) բռնազավթող պետության կողմից իր սեփական քաղաքացիական բնակչության մի մասի վերաբնակեցումը բռնազավթված տարածքում կամ բռնազավթած տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի տեղահանումը կամ տեղափոխումը բռնազավթված տարածքի սահմաններում կամ դրանից դուրս,

5) հատուկ պաշտպանության տակ գտնվող, հստակ տարորոշված, ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը կամ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային այլ արժեքներ հարձակման օբյեկտ դարձնելը և հարձակման հետևանքով դրանց խոշոր չափի վնաս պատճառելը, եթե դրանք չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ, և եթե տվյալներ չկան այդ պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը կամ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային այլ արժեքները հակառակորդի կողմից ռազմական գործողություններին նպաստելու համար օգտագործելու մասին, կամ

6) ավելորդ վնասվածք առաջացնող կամ ավելորդ տառապանք պատճառող կամ իրենց բնույթով ոչ ընտրական համարվող պատերազմ վարելու եղանակների կիրառումը՝ ի խախտումն զինված ընդհարումների միջազգային իրավունքի, պայմանով, որ այդպիսի եղանակները համապարփակ արգելքի առարկա են՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

4. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ հակառակորդ պետության զինված ուժերի անդամի կամ հակառակորդի կոմբատանտի ուխտադրուժ սպանությունը կամ վիրավորումը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

Օրինակ պատմությունից ՝

Հոլոքոստը – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանություն, որի շրջանակներում Նացիստական Գերմանիայի և իր դաշնակիցների կողմից համակարգված կերպով ոչնչացվել են շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեաներ՝ Եվրոպայի հրեա բնակչության մոտավորապես երկու երրորդը , 1941 թվականից մինչև 1945 թվականն ընկած ժամանակահատվածում ։

Հրեաներից բացի նացիստների կատարած ցեղասպանության զոհ են դարձել նաև ազգային ու սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչներ, ներառյալ գնչուներ, անբուժելի հիվանդներ, ինչպես նաև լեհեր ու այլ սլավոններ, ԽՍՀՄ քաղաքացիներ, խորհրդային ռազմագերիներ, քաղաքական հակառակորդներ, միասեռականներ, Եհովայի վկաներ, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է մինչև 17 միլիոն մարդ։

Գերմանիան հալածանքները կազմակերպել է փուլ առ փուլ։ 1933 թվականին Ադոլֆ Հիտլերի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո կառավարությունը հաստատել է հրեաներին քաղաքացիական հասարակությունից մեկուսացնելուն ուղղված օրենքներ, որոնցից էին 1935 թվականին ընդունված Նյուրնբերգյան օրենքները։ Սկսած 1933 թվականից՝ նացիստները Գերմանիայում կառուցել են համակենտրոնացման ճամբարների ցանց քաղաքական հակառակորդների ու «անցանկալի» համարվող մարդկանց համար։ 1939 թվականին Լեհաստան ներխուժումից հետո ռեժիմն ստեղծել է գետտոներ հրեաներին մեկուսացնելու համար։ Հիմնադրվել են ավելի քան 42 հազար ճամբարներ, գետտոներ և այլ կալանավայրեր։

Հրեաների տեղափոխումը գետտոներ եղել է նացիստների կողմից իրականացվող ոչնչացման քաղաքականության հանգուցալուծումը, որը կոչվել է «Հրեական հարցի վերջնական լուծում» և քննարկվել է նացիստական բարձր պաշտոնյաների կողմից 1942 թվականի հունվարին Բեռլինում կայացած Վանզեի կոնֆերանսում։ Գերմանական զորքերի՝ դեպի արևելք շարժվելուն զուգահեռ հակահրեական գործողությունները դարձել են ավելի ռադիկալ։ ՍՍ-ի համակարգմամբ և Նացիստական կուսակցության առաջնորդների հրահանգներով սպանություններ են իրականացվել Գերմանիայի տարածքում, նրա կողմից օկուպացված Եվրոպայում և Առանցքի ուժերի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում։ Ռազմականացված մահվան ջոկատները, որ կոչվել են Այնզացխմբեր, համագործակցելով Վերմախտի ոստիկանության գումարտակների ու տեղացի կոլաբորացիոնիստների հետ, սպանել են շուրջ 1,3 մլն հրեաներ 1941-1945 թվականներին իրականացված զանգվածային գնդակահարությունների ընթացքում։ Մինչև 1942 թվականի կեսերը զոհերը կնքված բեռնատար գնացքներով գետտոներից տեղափոխվել են մահվան ճամբարներ, որտեղ ճանապարհորդությունից հետո կենդանի մնացածներն սպանվել են գազի խցիկներում։ Սպանությունները շարունակվել են մինչև Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1945 թվականի մայիս։

Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ Հոլոքոստը համարվում է 20-րդ դարում իրականացված ամենահայտնի ցեղասպանություններից մեկը։

Օգտագործված հղումներ ՝

Հոդվածներ

Նյութ

Ցեղասպանություն

Ցեղասպանություն

Խմբային աշխատանք

1. Ըստ ձեզ կանայք և տղամարդիկ հավասա՞ր են։

1. Այո , հավասար են (26տ)
2. Միանշանակ  (25)
3. Իմ կարծիքով այո (19)
4. Ոչ (47)
5. Որոշ դեպքերում ոչ (33)
6. Ըստ օրենքի ՝ այո (չափահաս , չեմ ցանկանում նշել)
7. Այո հավասար են,  բայց չեմ կարծում, որ բոլոր դեպքերում։ (17)
8. Եւ այո, և՛ ոչ (30)

2. Ձեր կյանքում եղել են կանանց և տղամարդկանց իրավունքների վերաբերյալ խախտումներ կամ իրավիճակներ, որոնք ձեզ համար անհանդուրժելի են։

1. Այո եղել են նման դեպքեր։
2. Չեմ նկատել
3. Իհարկե
4. Չեմ հիշում
5. Այո, օր.՝ երբ աղջիկը ինչ֊որ իր է վերանորոգում կամ նմանատիպ այլ գործ է անում, իսկ տղան ծաղրում է, ասելով, որ չի կարողա անել։
6. Շատ դեպքեր եմ տեսել։
7. Դե հենց մեքենա վարելը, որ աղջիկ ա ուրեմն չի կարող վարել մեքենա։
8. Հիշում եմ,  եղել են

3. Ըստ ձեզ ինչ միջոցներ են պետք ձեռնարկել , որպեսզի մեր հասարակությունը ավելի լավ տիրապետի գենդերային հավասարության օրենքներին։

1. Կարևոր քայլը մարդկանց տեղեկացնելն է գենդերային հավասարությանը։ Որքան մարդիկ տեղեկացված լինեն , այնքան ավելի խելացի կլինեն այդ հարցում։
2. Պետք է կարդան , ուսումնասիրեն օրենքը։
3. Չգիտեմ։
4. Երևի երեխաները դպրոցում ուսումնասիրեն ավելի խորացված։
5. Տանը ծնողները,  ընտանիքի մյուս անդամները ուսումնասիրեն և՛ իրենք , և՛ երեխաները։
6. Երևի միայն օրենքը կարդան։
7. Օրենքը անգիր իմանան, նայեն տեսանյութեր
8. Փոքրուց երեխաներին սովորեցնել,

Մարդու և քաղաքացու իրավունքներ / խմբային աշխատանք

Հոդված 30 կանանց և տղամարդկանց իրավահավասարություն

Գ Լ ՈՒ Խ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

Հոդված 2.Սույն օրենքի նպատակն ու խնդիրները

1. Սույն օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

2. Սույն օրենքի խնդիրներն են ապահովել կանանց և տղամարդկանց`

1) իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության իրական հավասարությունը, նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը և խտրականության բացառումը.

2) հնարավորությունների հավասարությունը.

3) արդյունքի հավասարությունը:

Հոդված 3.Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը.

2) գենդերային խտրականություն (ուղղակի, անուղղակի)` սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը.

3) ուղղակի գենդերային խտրականություն` սեռային պատկանելությունն ուղղակիորեն մատնանշող խտրականություն.

4) անուղղակի գենդերային խտրականություն` խտրականություն առանց սեռային պատկանելության ուղղակի մատնանշման.

5) գենդերային հավասարության քաղաքականություն` պետական, հասարակական նպատակային գործունեություն` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրական հավասարության ապահովմանը.

6) գենդերային վիճակագրություն` սեռային բաշխմամբ վիճակագրություն, որն արտացոլում է սոցիալ-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց համապատասխան դիրքը և հասարակության մեջ առկա գենդերային հիմնախնդիրներն ու հարաբերությունները.

7) գենդերային փորձաքննություն` ներպետական իրավական համակարգի մշտադիտարկում և հանրային-իրավական վերլուծություն, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների, պարտականությունների, պատասխանատվության, գործընկերային հարաբերությունների և հավասար արդյունքի ապահովման և գենդերային խտրականության բացառման առումով.

8) գենդերային ներկայացվածություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ որևէ կազմակերպության կազմում կանանց և տղամարդկանց ներկայացվածության համամասնություն.

9) գենդերային հավասարություն` կանանց և տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ և դրա իրականացման համար հավասար հնարավորություններ, որոնք հնարավորություն են ընձեռում անձանց, անկախ սեռից, ազատորեն օգտագործելու իրենց ունակությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար.

10) գենդերային իրավահավասարություն` օրենքի առաջ կանանց և տղամարդկանց իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության հավասարություն` օրենքով սահմանված բացառությունների հաշվառմամբ.

11) գենդերային չափորոշիչներ (գենդերային զգայուն ինդիկատորներ)` ցուցիչներ կամ չափիչներ, որոնց քանակական և որակական ցուցանիշները կիրառում են որոշակի ժամանակահատվածում հասարակությունում գենդերային նշանակություն ունեցող փոփոխությունները հանրագումարի բերելու համար.

12) գենդերային հարաբերություններ` շփման մեջ կամ տարբեր տեսակի համատեղ գործունեության իրականացման ընթացքում կանանց և տղամարդկանց գենդերային բնույթի վարք և վարմունք.

13) գենդերային կարծրատիպեր` կանանց և տղամարդկանց միջև տարբերությունների մասին տվյալ ժամանակահատվածում տվյալ հասարակության մեջ առկա կարծրացած պատկերացումներ.

14) գենդերային վերլուծություն` հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դրության վրա հասարակական կյանքի համապատասխան ոլորտներում գործող կամ նախաձեռնվող ծրագրերի, իրավական ակտերի, պետական քաղաքականության տարբեր ներգործությունների գնահատման գործընթաց.

15) գենդերային քվոտաներ (քվոտավորում)` հասարակական կյանքի համապատասխան ոլորտներում օրենքով սահմանված հարաբերակցությամբ կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությունն ապահովող ժամանակավոր հատուկ միջոցների տեսակ, որը կարող է վերացվել հասարակական կյանքի համապատասխան ոլորտում կանանց և տղամարդկանց զուգակշռված (հավասարակշռված) ներկայացվածության հասնելուն համապատասխան.

16) համալիր մոտեցում գենդերային հավասարության հիմնախնդրին (մեյնսթրիմինգ)` ռազմավարություն, որի միջոցով կանանց և տղամարդկանց շահերը դառնում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի այլ ոլորտներում իրավական ակտերի, քաղաքականության, ծրագրերի և միջոցառումների մշակման, կատարման, մշտադիտարկման և գնահատման գործընթացի անքակտելի բաղադրիչը, որն ուղղված է կանանց և տղամարդկանց միջև անհավասարության վերացմանը.

17) հավասար հնարավորություններ` իրական գենդերային իրավահավասարության հասնելու համար անհրաժեշտ միջոցների և պայմանների համակարգ.

18) արդյունքի հավասարություն` հավասարության հայեցակարգ, որին համապատասխան ճանաչվում է, որ կանանց և տղամարդկանց կողմից հավասար (միևնույն) արդյունքների հասնելու համար նրանց նկատմամբ անհրաժեշտ է դրսևորել տարբեր վերաբերմունք, քանի որ նրանց կենսապայմանները տարբեր են.

19) գործընկերային հարաբերություններ` հավասար պայմաններում կանանց և տղամարդկանց համագործակցություն կամ համատեղ մասնակցություն պետական և հասարակական կյանքին.

20) ժամանակավոր հատուկ միջոցներ` իրավական, կազմակերպական բնույթի ժամանակավոր միջոցներ` ուղղված հասարակական կյանքի` գենդերային կարծրատիպերով և գենդերային մշակույթի բացակայությամբ առավել աչքի ընկնող ոլորտներում սեռերից մեկի ներկայացուցիչների պաշտպանությանը.

21) սեռական ոտնձգություն` գենդերային խտրականության դրսևորումների տեսակ` խոսքային կամ ֆիզիկական դրսևորում ունեցող սեռական բնույթի գործողություններ կամ ցանկացած իրավիճակ, որոնք ուղղված են անձի արժանապատվությունը նվաստացնելուն, վախեցնելուն, թշնամությանը, ստորացմանը կամ նմանատիպ իրավիճակներին:

Հոդված 4.Գենդերային հավասարության քաղաքականության հիմնական սկզբունքները

1. Գենդերային հավասարության քաղաքականության սկզբունքներն են`

1) գենդերային հավասարության ապահովման ոլորտում միջազգային իրավունքի նորմերի պահպանումը.

2) սոցիալական արդարությունը.

3) գենդերային խտրականության բացառումը.

4) գենդերային հավասարության առաջընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

Հոդված 5.Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենսդրությունը

1. Գենդերային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են գենդերային հարաբերությունները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 6.Գենդերային խտրականության արգելումը

1. Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի և անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է:

2. Գենդերային ուղղակի խտրականության ձևեր են`

1) ընտանեկան դրության, հղիության և ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը.

2) միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությունը, աշխատանքի վարձատրության ցանկացած փոփոխությունը (բարձրացում կամ իջեցում) կամ աշխատանքի պայմանների վատթարացումը սեռի հատկանիշով.

3) սեռական ոտնձգությունը.

4) երբ անձը սեռի հատկանիշով ենթարկվել, ենթարկվում կամ կարող է ենթարկվել առավել վատ կամ անբարենպաստ վերաբերմունքի միևնույն կամ նմանատիպ իրավիճակում:

3. Գենդերային անուղղակի խտրականության ձևեր են`

1) գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով.

2) այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետևանքներ` որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձևով:

4. Գենդերային խտրականություն չեն`

1) կանանց և տղամարդկանց հարաբերությունների կարգավորման հարցերում տարբերությունների սահմանումը` պայմանավորված հղիությամբ և ծննդաբերությամբ, երեխայի խնամքով և կրծքով կերակրելով.

2) օրենքով սահմանված դեպքերում բացառապես տղամարդկանց պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելը.

3) սույն օրենքի հիմքով ժամանակավոր հատուկ միջոցների կիրառումը, որոնք ուղղված են իրավական կարգավորման ենթակա քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ հարաբերություններում գենդերային հավասարության հաստատմանը.

4) կանանց և տղամարդկանց աշխատանքի պահպանման առանձնահատկությունները` կապված նրանց վերարտադրողական առողջության պահպանման հետ.

5) մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների սահմանումը` հիմնված պարտականությունների` միայն որոշակի սեռի անձանց, կատարման հնարավորության վրա.

6) այն տարբերությունների սահմանումը, որը պայմանավորված է տարբեր սեռերի կենսաբանական առանձնահատկությամբ.

7) կրոնական կանոնական ծեսերը:

5. Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով:

Գ Լ ՈՒ Խ  II

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7.Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է սույն օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից:

2. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության ձևավորմանը և իրագործմանը մասնակցում են իրենց նախաձեռնությամբ:

Հոդված 8.Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

1) գենդերային հավասարության հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը.

2) գենդերային հավասարության ապահովման համար նորմատիվ իրավական բազայի ձևավորումը, կատարելագործումը, զարգացումը և միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխանեցումը.

3) գենդերային հավասարության ապահովման համար գործուն իրավական և կազմակերպական մեխանիզմների ստեղծումը.

4) գենդերային հավասարության հասնելուն ուղղված պետական նպատակային ծրագրերի և միջոցառումների մշակումն ու իրագործումը և դրանց ֆինանսավորումը.

5) կանանց և տղամարդկանց հնարավորությունների միջև անհավասարության վերացմանը միտված ժամանակավոր հատուկ միջոցների կիրառումը.

6) գենդերային վիճակագրության և գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման մշտադիտարկման իրականացումը.

7) գենդերային հավասարության խախտմանն ուղղված տեղեկատվությունից, քարոզչությունից հասարակության պաշտպանությունը.

8) գենդերային հավասարության մշակույթի ձևավորումը և քարոզչությունը.

9) պետական, տարածքային և համայնքային ծրագրերի և միջոցառումների ու զարգացման ռազմավարությունների մեջ գենդերային հավասարության հիմնախնդրի համալիր մոտեցումների ներդրումը:

Հոդված 9.Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման մշտադիտարկումը

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման մշտադիտարկումն ու գնահատումն իրականացնում են պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

2. Գենդերային հավասարության ապահովման ծրագրեր և միջոցառումներ իրականացնող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները գենդերային հավասարության ուղղությամբ իրենց իրականացրած գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ամենամյա տեղեկատվություն են ներկայացնում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ` պետական լիազոր մարմին) և կարող են դա հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:

Հոդված 10.Գենդերային վիճակագրությունը

1. Հայաստանի Հանրապետությունում գենդերային վիճակագրությունն իրականացվում է պետական վիճակագրության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքներին համապատասխան:

Գ Լ ՈՒ Խ  III

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հոդված 11.Գենդերային հավասարության երաշխիքները պետության կառավարման մեջ

1. Պետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված մարմինների և պաշտոնատար անձանց, իրավական, կազմակերպական և այլ մեխանիզմների միջոցով կանանց և տղամարդկանց համար երաշխավորում և ստեղծում է պետության կառավարմանը մասնակցելու համար հավասար հնարավորություններ:

2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց իրավասության սահմաններում խորհրդակցական, աշխատանքային մարմիններ, պատվիրակություններ, ընտրական հանձնաժողովներ, օրենքով սահմանված դեպքերում քվոտաներով և կոլեգիալության սկզբունքով այլ մարմիններ կազմավորելիս կամ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններում նշանակում կատարելիս կամ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններում նշանակվելու համար թեկնածություններ առաջարկելիս բացառում են գենդերային խտրականության դրսևորումները:

Հոդված 12.Հավասար ընտրական իրավունքների երաշխիքները

1. Կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին մասնակցելիս:

2. Ընտրություններ անցկացնելիս կանայք և տղամարդիկ հավասարապես ապահովվում են արդարացի և իրական հնարավորություններով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու և ընտրվելու իրավունքն իրականացնելու համար:

3. Կանանց և տղամարդկանց զուգակշռված (հավասարակշռված) ներկայացվածության հասնելու նպատակով պետությունը կարող է սահմանել ընտրովի մարմիններում առավել քիչ ներկայացված սեռի թեկնածուների աջակցմանն ուղղված ժամանակավոր հատուկ միջոցներ:

4. Ընտրություններին կուսակցությունների մասնակցությունը պետք է ապահովված լինի թեկնածուների ընտրական ցուցակներում գենդերային ներկայացվածությամբ` օրենքով սահմանված քվոտաներով:

5. Կանանց և տղամարդկանց ընտրական իրավունքները, դրանց երաշխիքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, մասնակցության, ինչպես նաև կուսակցությունների` գենդերային ներկայացվածության ապահովումը խրախուսելու և աջակցելու միջոցառումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Հոդված 13.Գենդերային հավասարության երաշխիքները հանրային ծառայության մեջ

1. Կանայք և տղամարդիկ հանրային ծառայության ընդունվելու և մասնագիտական գործունեություն իրականացնելու համար ունեն հավասար իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն և հավասար հնարավորություններ:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել կանանց և տղամարդկանց` հանրային ծառայության ընդունվելու հավասար հնարավորություններ` իրենց ընդունակություններին և մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում աշխատողներին պաշտոններում նշանակելիս, աշխատանքային առաջխաղացում կամ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով վերապատրաստման, ուսուցման գործուղում իրականացնելիս բացառվում են գենդերային խտրականության դրսևորումները:

4. Կանայք և տղամարդիկ հանրային ծառայության թափուր պաշտոնների համալրմանը իրավունք ունեն մասնակցելու օրենքով սահմանված կարգով` հավասարապես և հավասար պայմաններում:

5. Արգելվում է միայն մեկ սեռի անձանց համար հանրային ծառայության ընդունվելու մրցույթներ հայտարարելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա ուղղակիորեն բխում է այլ անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունից:

6. Սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ընդունված ակտը կամ թափուր պաշտոնների համալրման համար անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Գ Լ ՈՒ Խ  IV

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Հոդված 14.Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր լիազորությունների սահմաններում`

1) իրագործում է գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը.

2) ապահովում է գենդերային հավասարության ապահովման քաղաքականության իրագործման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության վերահսկողությունը.

3) մինչև յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի վերջը հաղորդում է ներկայացնում նախորդող տարում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման արդյունքների և Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով.

4) Միավորված ազգերի կազմակերպության «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) սահմանված կարգով և ժամկետներում Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ զեկույցը.

5) հաստատում է գենդերային հավասարության վրա պետական քաղաքականության, ծրագրերի և միջոցառումների ազդեցության գնահատման կարգը.

6) ստեղծում է իրավական և կազմակերպական գործուն մեխանիզմներ գենդերային հավասարության պետական քաղաքականության ապահովման և իրագործման համար:

Հոդված 15.Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործումը պետական լիազոր մարմնի կողմից

1. Գենդերային քաղաքականության ոլորտում պետական լիազոր մարմինը`

1) մշակում և իրականացնում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովման միասնական պետական քաղաքականությունը.

2) ներկայացնում է առաջարկություններ գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորումը նախատեսելու վերաբերյալ.

3) ըստ անհրաժեշտության աջակցում է Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին.

4) ուսումնասիրում և ամփոփում է գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած ամենամյա տեղեկատվությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներկայացրած մշտադիտարկման արդյունքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն ամփոփման արդյունքների վերաբերյալ.

5) կազմակերպում է գենդերային հավասարության ոլորտում տեղեկատվական, քարոզչական աշխատանքներ և «Գենդերային գիտելիքների հիմունքների վերաբերյալ» թեմայով վերապատրաստման դասընթացներ:

Հոդված 16.Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից

1. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում միջոցառումներ են ձեռնարկում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ:

Հոդված 17.Քաղաքացիական հասարակության աջակցությունը գենդերային հավասարության ապահովմանը

1. Քաղաքացիական հասարակության անդամներն իրավունք ունեն`

1) մասնակցելու գենդերային հավասարության ապահովման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշումների, ծրագրերի և միջոցառումների մշակմանը և իրագործմանը.

2) վեր հանելու գենդերային հավասարության խախտման փաստերը և գենդերային քաղաքականության ոլորտում պետական լիազոր մարմին ներկայացնել տվյալներ` գենդերային հավասարության ապահովման ոլորտում մշտադիտարկում իրականացնելու նպատակով.

3) իրականացնելու սույն օրենքի և գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման մշտադիտարկումը.

4) իրականացնելու նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և գործող նորմատիվ իրավական ակտերի անկախ գենդերային փորձաքննություն, գենդերային վերլուծություն և այդ առնչությամբ համապատասխան եզրակացություն, առաջարկություն կամ օրենքների և այլ իրավական ակտերի նախագծեր մշակել և ներկայացնել իրավասու մարմիններ.

5) նախապատրաստելու գենդերային հավասարության ապահովման ոլորտի վերաբերյալ այլընտրանքային հրապարակային զեկույցներ, հաղորդումներ.

6) զանգվածային լրատվության միջոցներով իրականացնելու գենդերային հավասարության ապահովմանը միտված քարոզչություն.

7) իրականացնելու գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության աջակցմանն ուղղված օրինական այլ գործողություններ:

2. Զանգվածային լրատվության միջոցներն իրենց ծրագրերով, թողարկումներով գենդերային հավասարությանը վերաբերող տեղեկատվության տարածմամբ աջակցում են գենդերային հավասարության առաջընթացին:

Հոդված 18.Նորմատիվ իրավական ակտերի գենդերային փորձաքննությունը

1. Գենդերային փորձաքննությունն իրականացվում է նորմատիվ իրավական ակտի նախագծի ազդեցության գնահատման և նորմատիվ իրավական ակտի փորձաքննության միջոցով` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Գենդերային փորձաքննությունն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման, նորմատիվ իրավական ակտերում և դրանց նախագծերում գենդերային հավասարության խախտումների փաստերը բացառելու և վերացնելու, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գենդերային հավասարության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխանեցնելու, քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ ապահովելու սկզբունքը պահպանելու, կանանց և տղամարդկանց սեռի հատկանիշով խտրականությունից պաշտպանելու համար:

Գ Լ ՈՒ Խ  V

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 19.Գենդերային հավասարության խախտման վերաբերյալ բողոքները և խախտման հետևանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը

1. Այն անձը, որը կարծում է` իր նկատմամբ կիրառվել է գենդերային խտրականություն, իրավունք ունի իր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար դիմելու իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց և օրենքով սահմանված ժամկետում ստանալու պատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց գենդերային հավասարության խախտման փաստով դիմելը չի սահմանափակում անձի դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալը:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և դրանց պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը, որոնք հանգեցրել են գենդերային խտրականության, կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

4. Գենդերային հավասարության խախտման հետևանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Գ Լ ՈՒ Խ  VI

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 20.Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման ֆինանսավորումը

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման համար կարող են կատարվել նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից հատկացումներ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և ֆիզիկական անձանց հանգանակություններ, նվիրատվություններ և այլ հատկացումներ, որոնք օգտագործվում են բացառապես գենդերային հավասարության ապահովման պետական, տարածքային և համայնքային զարգացման ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Գ Լ ՈՒ Խ  VII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 21.Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նյութի հղում ։

Մարդու և քաղաքացու իրավունքներ

ԳԼՈՒԽ 2

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Մարդու արժանապատվությունը

Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Հոդված 24. Կյանքի իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Հոդված 25. Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

2. Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բժշկության եւ կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ եւ հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետեւանքների մասին:

Հոդված 26. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Մարմնական պատիժներն արգելվում են:

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Հոդված 27. Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաեւ հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաեւ մեղադրանքի մասին:

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով եւ ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում եւ կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Հոդված 28. Օրենքի առջեւ ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջեւ:

Հոդված 29. Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 30. Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են:

Հոդված 31. Մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

2. Մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր:

Հոդված 33. Հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության եւ գաղտնիության իրավունք:

2. Հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար եւ պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:

Հոդված 34. Անձնական տվյալների պաշտպանությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

2. Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին եւ պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաեւ ապօրինի ձեռք բերված կամ այլեւս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:

4. Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

5. Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 35. Ամուսնանալու ազատությունը

1. Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը եւ տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության եւ բարոյականության պաշտպանության նպատակով:

Հոդված 36. Ծնողների իրավունքները եւ պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով:

3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողներին։ Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 37. Երեխայի իրավունքները

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ եւ անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են:

Հոդված 38. Կրթության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը:

Հոդված 39. Մարդու ազատ գործելու իրավունքը

Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Հոդված 40. Ազատ տեղաշարժվելու իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

3. Յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:

4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Հոդված 41. Մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ եւ հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձեւերով արտահայտելու ազատությունը:

2. Մտքի, խղճի եւ կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակաuում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:

4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են եւ օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 43. Ստեղծագործության ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատություն:

Հոդված 44. Հավաքների ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու եւ դրանք կազմակերպելու իրավունք:

2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։

4. Հավաքների ազատության իրականացման եւ պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:

5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 45. Միավորումների ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ մասնավոր միավորման:

2. Միավորումների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

3. Միավորումների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով` միայն դատարանի որոշմամբ:

Հոդված 46. Կուսակցություն ստեղծելու եւ կուսակցությանն անդամագրվելու իրավունքը

1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու եւ որեւէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ կուսակցության:

2. Դատավորները, դատախազները եւ քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու եւ որեւէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:

3. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ իրենց գույքի մասին:

4. Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են եւ ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ:

Հոդված 47. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաեւ դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:

7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաեւ 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաեւ այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:

Հոդված 48. Ընտրական իրավունքը եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքը

1. Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք:

2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու եւ ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:

4. Ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաեւ այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք:

Հոդված 49. Հանրային ծառայության անցնելու իրավունքը

Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 50. Պատշաճ վարչարարության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2. Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչեւ անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 51. Տեղեկություններ ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաեւ տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:

Հոդված 52. Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 53. Հանրագիր ներկայացնելու իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 54. Քաղաքական ապաստանի իրավունքը

Քաղաքական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան հայցելու իրավունք: Քաղաքական ապաստանի տրամադրման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:

Հոդված 55. Արտաքսման կամ հանձնման արգելքը

1. Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

Հոդված 56. Ազգային եւ էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային եւ էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:

2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

3. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով:

Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը եւ աշխատանքային իրավունքները

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության եւ ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Մինչեւ տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Հոդված 58. Գործադուլի իրավունքը

1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:

2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 59. Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը

1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով:

2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը եւ հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:

Հոդված 60. Սեփականության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք:

2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:

6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

7. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել oրենքին համապատասխան uահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Հոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

Հոդված 62. Վնասի հատուցման իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաեւ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով:

2. Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երեւան եկած որեւէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Հոդված 63. Արդար դատաքննության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2. Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:

Հոդված 64. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 65. Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը

Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

Հոդված 66. Անմեղության կանխավարկածը

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հոդված 67. Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը

Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի եւ հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.

2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու եւ իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ եւ հնարավորություններ ունենալու իրավունք.

4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաեւ, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն եւ հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք.

5) թարգմանչի անվճար ծառայությունից օգտվելու իրավունք, եթե նա չի տիրապետում հայերենին:

Հոդված 68. Կրկին դատվելու արգելքը

1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա:

Հոդված 69. Դատապարտվածի բողոքարկման իրավունքը

Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք:

Հոդված 70. Ներման խնդրանքի իրավունքը

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման, ներառյալ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 71. Մեղքի սկզբունքը եւ պատժի համաչափության սկզբունքը

1. Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է:

2. Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:

Հոդված 72. Հանցագործություններ սահմանելիս եւ պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը

Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

Հոդված 73. Օրենքների եւ այլ իրավական ակտերի հետադարձ ուժը

1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Հոդված 74. Հիմնական իրավունքների եւ ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ

Հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Հոդված 75. Հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը

Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:

Հոդված 76. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում եւ 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Հոդված 77. Հիմնական իրավունքների եւ ազատությունների չարաշահման արգելքը

Արգելվում է հիմնական իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

Հոդված 78. Համաչափության սկզբունքը

Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:

Հոդված 79. Որոշակիության սկզբունքը

Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Հոդված 80. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը

Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները եւ միջազգային իրավական պրակտիկան

1. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

2. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Մարդը և հասարակությունը

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ։ Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել։ Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները։ Ըստ Դյուրկհեյմի՝ հասարակությունը մարդկանց հանրագումարը չէ, այլ ուրիշ մի բան, որը, ճիշտ հակառակը, ազդում է այն մարդկանց վրա, որոնք կազմում են հասարակություն, ուստի նա տարբերակում է երկու տիպի գիտակցություն՝ անհատական և կոլեկտիվ: 

Հարություն Սամուելյան, «Գորշագույնություն» շարքից:

Սկզբում երևում են մարդիկ ովքեր քայլում են իրար դեմ դիմաց , իսկ հետո գնալով շատանում է ամբոխը ։ Ես այս նկարում տեսա մարդկանց սառը և անտարբեր հայացքներ ։

Մարդը և բնությունը

Հաճախ պատահում է, որ մարդը կարող է թշնամի հանդիսանալ բնությանը և կարող է լինել նաև ճիշտ հակառակը՝ այսինքն բնությունը մարդու հանդեպ համարվի թշնամի: Մարդիկ կտրում են ծառերը, կառուցում են գործարաններ, որոնք վնաս են հասցնում բնությանը, մեքենաներ՝որոնք աղտոտում են շրջակա միջավայրը, իսկ այ բնությունը իր աղետներով է վնասում մարդկանց՝ երկրաշարժներով, կայծակներով, ջրհեղեղներով և այլն:եթե մենք փորձենք խորանալ այս երեվույթների մեջ, ապա կնկատենք, որ մարդը և բնությունը պատերազմի մեջ են ամենքը պայքարում է իր գոյության, բարգավաճելու համար:Իհարկե լիում են դեպքեր, երբ մարդն ու բնությունը համարվում են բարեկամներ քանզի երկուսն ել օգնում են իրար, երբ մարդը ծառ է տնկում ու դրան հաջորդում է անձրևը, որը շատ է հարկավոր այդ պահին իհարկե դա պատահականություն չէ, չէ որ մարդն ու բնությունը կարող են միևնույն ժամանակ լինել և բարեկամներ և թշնամիներ:Սակայն մարդու կողմից բնության շահագործումը հասել է մեծ չափերի, որի պատճառով բնությունը սկսել է պատասխան քայլեր ձեռնարկել; Այն ինչ կատարվում է այժմ դա դեռ չնչին տոկոսն է, այն ամենի, ինչ կարող է անել բնությունը՝աներևակայելի է: Բայց շարունակելով նույն կերպ մարդը պետք է սպասի բնության կողմից անսպասելիին անգամ։

Օգտագործված աղբյուր

Արդարություն

Ի՞նչ է արդարությունը

Արդարություն նշանակում է ճշմարտացիություն ՝ արդար է այն մարդը, ով չի ստում,
մոլորության մեջ չէ և խոսում է ճշմարտությունից, նրա ասածները համապատասխանում
են իրականությանը։

Ո՞րոնք են արդարության իրավական և բարոյական նորմերը

Իրավական արդարությունը սահմանվում և ապահովվում է օրենսդրությամբ։Պետությունը ստեղծում է օրենքներ, որոնցով սահմանվում է արդարության չափը, իսկդատարաններն ապահովում են արդարադատություն, այսինքն՝ լուծում են առաջացածխնդիրները՝ հենվելով այդ օրենքների վրա։Օրենսդրության կարևորագույն խնդիրը հասարակության բոլոր անդամների համար արդարություն ապահովելն է։ Այսինքն՝ եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա սահմանված պատիժը պետք է համապատասխան, համարժեք լինի նրա կատարած արարքին։ Օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտեր ստեղծում է պետական իշխանությունը, որն ապահովում է դրանց կատարումը։ Այդ նպատակով ստեղծված են պետական համապատասխան մարմիններ՝ դատարաններ, ոստիկություն, քրեակատարողական հիմնարկներ և այլն։

Ո՞րոնք են արդարության տեսակները

Տեսակներն են ՝ բաշխիչ , վերականգնող, դատավարական, պատժողական, սոցիալական ։

Վասպուրական տարազ

Վանա լճի ավազանի գավառներում նկատվում էր կանացի զգեստների երկու համալիր։Առաջին անվանդականն էր, որի փոփոխակները տարածված էին Տուրուբերանի, Աղձնիքի և Փոքր Հայքի որոշ գավառներում։ Սակայն 1915թվականի կոտորածների հետևանքով վերացան։

Տոնական վերնազգեստը ձևաածքով չէր տարբերվում ամենօրյա զգեստներից, զարդարման հատուկ ձև ուներ , որը տարածված էր գրեթե ամբողջ Վասպուրականում ։ Վերջին վերնազգեստի կրծքամասի եզրին մինչև գոտկատեղը ամրացվում էր արծաթյա շամշիկ զարդը, որը բաղկացած էր մեծ ու փոքր 12 աղավնաձև տախտակների շարանից, մեկընդմեջ դասավորված , կարճ շղթաներով , կախիկ զարդերով հանդերձ։Շամշիկն ամրացվում էր զգեստի վրա ՝ լինելով նրա ամբաժան մասը ։ Վերնազգեստի զարդարման ձև էին նաև թիկնամասի քղանցքի զարդագծերը, որ առաջանում էին մանուսայի գործվածքից և տեղադրվում էին լայնակի։

Վասպուրականի կանացի տարազի երկրորդ համալիրը, որն առաջինի կատարելագոործումն էր, մշակվել էր 19-րդ դարի վերջերին Վան քաղաքում, այս համալիրը նույնպես վերացավ 1920-ական թթ, վերջերին։

Զգեստը ձևում և կարում էին կանայք, կիրառելով ձեռքի կարաձևերը ՝ շուլալ կարը և թակալակարը։ 19-րդ դարի կեսերին Վասպուրականում խիստ սակավ թվով դերձակներ կային։ Ընդ որում դերձակությամբ զբաղվում էին միայն տղամարդիկ ՝ կարելով թե տղամարդու թե կանացի զգեստներ։

Առաջին համալիրի հիմնական բաղկացուցիչ մասերից էր վերնազգեստը իր երեք տարբերակներով։ Սովորաբար կանայք հագնում էին երկու-երեք , իսկ տոն օրերին ՝մինչև հինգ վերնազգեստ։ Նման դեպքում մեկը մյուսից կարճ էր կարվում մոտ 5-սմով, որպեսզի յուրաքանչյուր զպուն վերնազգստի քղանցքը նեղ շերտով երևար։

Կանացի տարազի առաջին համալիրի բաղկացուցիչ մասերից էր կարմիր գույնի բամբակյա կամ էլ մետաքսյա ղանավուզ կտորից կարված վարտիքը , որը կարվում էր երկար և երևում էր բոլոր զգեստների տակից 10-15սմ։

Վասպուրականում կանաց զգեստի համալիրում առկա էր նաև տաք վերնազգեստ դալման, որը ձևանցքով նման էր Կարինի կանանց ջուպպայի ձևանցքին։Դալմա հագնում էին հարսները և հարուստ չափահաս կանայք։

Վասպուրականի կանանց հագուստների համալիրում կարևոր նշանակություն ունի նաև գոտին՝մեջկապ կոչումով։ Այն կարում էին բրդյա կտորից, որը մի քանի անգամ փաթաթվում էր մեջքին։Տարաշված էր նաև արծաթյա գոտու գործածությունը։

Չարլի Չապլինի նամակը իր դստերը

Դստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը: 

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին. 

Ես քո հայրն եմ, Ջերալդինա:

Ես`Չարլին, Չարլի Չապլինը: 

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին…Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»: 

Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա…ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա…ողորմածություն հայցում… 

Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…և չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում: 

Ավելի լավ է խոսենք քո մասին: 

Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին…Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

 Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին: 

Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը: 

Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն: Մարդիկ գետնի վրա ավելի՛ անհաստատ են, քան լարախաղացները՝ երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին… 

Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը: 

Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ: 

Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:

 Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ: 

Փորձիր և դու:

Համբուրում եմ քեզ:

Չարլի: