Սկանդինավյան դիցաբանություն

Դիցաբանությունը կամ առասպելաբանությունը որպես հոգևոր մշակույթի հիմնական մասերից կարևորագույնը ձևավորվել է անհիշելի ժամանակներից սկսած: Աստվածների, դյուցազունների, բնության տարերքները խորհրդանշող բազմատեսակ ոգիների և կենդանակերպ էակների մասին վառ երևակայությամբ ստեղծված պատմությունները տարբեր ազգերի մոտ ուրույն ձևակերպումներ են ստացել և մեզ են հասել ժայռապատկերների ու քարակերտ արձանագրությունների միջոցով, կավե սալիկներին դրոշմված, մագաղաթյա և պապիրուսե թերթիկներին հանձնված:
Սկանդինավյան դիցաբանությունը անհնար է զատել գերմանականից: Սկանդինավյան դիցաբանության հիմնական աղբյուրները բխում են «Ավագ Էդդա» սկանդինավյան էպոսից, որի՝ հին իսլանդերենով գրված, միակ մագաղաթյա ձեռագիր մատյանն այսօր գտնվում է Իսլանդիայի մայրաքաղաք Արնի Մագնուսսոնի անվան ձեռագրերի ազգային ինստիտուտում: Ձեռագրերը Հյուսիս Ատլանտյան Դաշինք Կազմակերպության (ՆԱՏՕ) ռազմանավերի ուղղեկցությամբ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենից դեպի Իսլանդիա են ուղարկվել՝ 300 տարուց ավել պահպանվելով Դանիայի թագավորական գրադարանում:
Գերմանա-սկանդինավյան էպոսի հիմքը հանդիսացող «Ավագ Էդդա» գրական հուշակոթողի հին իսլանդերենից արևելահայերեն թարգմանված «Երգեր Աստվածների մասին»։ Ծավալուն նախաբանը, տասներկու գլուխները՝ իրենց մանրամասն ծանոթագրություններով, ձեզ կուղեկցեն համաշխարհային պատմագրության հետաքրքրաշարժ ժամանակաշրջաններից մեկը, այսպես կոչված «Վիկինգների դարաշրջանը»:
Սկանդինավյան դիցաբանությունն իրենից ներկայացնում է գերմանական և սկանդինավյան ցեղերի հեթանոսական հավատալիքները մինչև քրիստոնեության ընդունումը։ Այն հավանաբար սկիզբ է առել Ք.ա. 5-րդ դարում։ Առանձնահատուկ վերելք է ապրել Վիկինգների ժամանակաշրջանում։ Ամենասկզբում եղել է սև անդունդ Գինունգագապը, որի երկու կողմերում ընկած էին երկու թագավորություն. սառույցի՝ Նիֆլհեյմ և կրակի՝ Մուսպելլհեյմ։ Նիֆլհեյմում կար աղբյուր՝ Հվերգելմիր, որից սկիզբ էին առնում տասներկու խոշոր վտակներ։ Ցուրտը ջուրը դարձնում էր սառույց, սակայն աղբյուրն անդադար հարվածում էր՝ շարժելով սառցաբեկորները դեպի Մուսպելլհեյմ։ Երբ սառույցը մոտեցավ կրակի թագավորությանը, սկսեց հալվել։ Կայծերը որ դուրս էին թռչում հարևան թագավորությունից, խառնվեցին ջրի հետ։ Առաջացան Իմիր հսկան և Աուդումլա երինջը։ Իմիրի քրտինքից առաջացան տղամարդն ու կինը, իսկ ոտքերից` որդին։ Դրանք առաջին եղյամե հսկաները`հրիմտուրսեններն էին։ Աուդումլա կովը լիզում էր եղյամապատ աղահամ քարերը, որպեսզի իր կաթով կերակրի Իմիրին։ Նրա լեզվի ջերմությունից և քարերի սառնությունից ծնվեց Բուրին։ Նրա որդին՝ Բյորը, կնության վերցրեց Իմիրի թոռնուհուն՝ հսկա Բեստլային, ով երեք որդի ծնեց՝ ասեր Օդինին, Վիլիին և Վեին։ Ասերը սպանեցին իրենց նախապապին՝ Իմիրին, իսկ նրա մարմնից ստեղծեցին Միդգարդը. մսից՝ հողը, ոսկորներից՝ լեռները, մազերից՝ բույսերը, ուղեղից` ամպերը, գանգից՝ երկնակամարը, որի չորս ծայրերից յուրաքանչյուրը ոլորեցին եղջյուրի տեսքով ու քամի դրեցին միջին։ Իմիրի վերքերից այնքան արյուն հոսեց, որ խեղդվեցին բոլոր եղյամե հսկաները և նույնիսկ Աուդումլան։ Փրկվեցին միայն Բելգերմիրը և նրա կինը, ովքեր սկիզբ դրեցին հրիմտուրսենների նոր սերնդին։ Ստեղծելով աշխարհը՝ Օդինը և նրա եղբայները որոշեցին բնակեցնել այն։ Ծովափին նրանք հայտնաբերեցին երկու ծառ՝ հացենի և լաստենի (այլ աղբյուրներով՝ ուռենի) ։ Հացենուց ստեղծեցին տղամարդուն, իսկ լաստենուց՝ կնոջը։ Այնուհետև Օդինը նրանց կյանք տվեց, Վիլին` միտք, Վեն` արյուն։ Այդպես ստեղծվեցին առաջին մարդիկ. տղամարդու անունն էր Ասկ, կնոջ անունը՝ Էմբլա (տե’ս՝ Ասկ և Էմբլա)։ Ծովից այն կողմ՝ Միդգարդից արևմուտք, ասերը ստեղծեցին Յոտունհեյմ երկիրը և տվեցին այն կառավարելու Բելգերմիրին և նրա սերունդներին։
Սկանդինավյան դիցաբանության 10 ամենազորեղ աստվածները ՝
Բալդեր ՝
Բալդերը կամ Բալդրը զբաղեցնում է այս ցուցակի 10-րդ հորիզոնականը։ Հին վիկինգների մոտ նա ուրախության, անմեղության, գարնան, ներողամտության և ցանկացած դրական բանի աստվածն էր։ Նա Օդինի ու Ֆրիգգի երկրորդ որդին էր և անխոցելի էր ցանկացած տեսակի վնասվածքների ու վերքերի տեսակետից, ինչպես նաև կանանց սիրելին էր։ Նա այնքան զորեղ էր, որ նույնիսկ Տոր աստծո հայտնի մուրճը չէր կարող վնասել նրան, բայց չար Աստված Լոկին մի նետ սարքեց, որի ծայրը թունավորված էր և համոզեց Բոլդերի կույր եղբորը, որ կրակի դրանով եղբոր վրա։ Հենց այդ նետն էլ սպանում է Բալդերին։
Լոկի ՝
Լոկին խաբեության աստվածն էր սկանդինավյան դիցաբանության մեջ։ Ի սկզբանե նրան սիրում էին, ինչպես բոլոր մյուս աստվածներին, բայց հետո նա փոխվում է։ Նա փոխակերպվում էր և անգամ կարողանում էր փոխել իր սեռը։ Հենց Լոկին է ծնել լեգենդար Ֆերնիր գայլին, ով հետո սպանում է ոչ ավել, ոչ պակաս՝ Օդին աստծուն։ Լոկին ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էր չարանում, նա վիրավորում էր այլ աստվածների, գողանում էր նրանց համար շատ թանկարժեք ու կարևոր իրեր։ Այն բանից հետո, երբ Լոկիի պատճառով զոհվեց Բալդերը, նրան կապկպեցին ու նետեցին մի խոր քարանձավ, որտեղ նրա երեսին պետք է թույն կաթար մինչև վիկինգների աշխահի վերջը՝ Ռագնարոկը։ Այստեղ էլ Լոկին կնքեց իր մահկանացուն։
Հել ՝
Հելը Լոկիի դուստրն էր, ում անձամբ Օդինն էր վստահել մեռյալների թագավորությունը։ Ի տարբերություն հունական առասպելների, որտեղ Հադեսն էր մեռյալների թագավորության տիրակալը և ամենազորեղ աստվածներից մեկն էր, Հելմին պարզապես տվել էին այն «գործը», որն ուրիշ ոչ ոք չեր ցանկանում ստանձնել։ Եթե մեկը հայտնվում էր Հելի տիրությունում, ապա այլևս չէր կարող դուրս գալ այնտեղից։ Անգամ Բալդերը, ընկնելով իր զարմուհու մոտ, այդպես էլ չկարողացավ դուրս գալ այնտեղից։
Ֆրիգգ ՝
Ֆրիգգն Օդին աստծո կինն էր և միակն էր, ում թույլատրված էր նստել Օդինի գահին, երբ վերջինս բացակայում էր։ Ֆրիգգը մայրության և պտղաբերության աստվածուհին էր։ Սկանդինավյան դիցաբանության մեջ Ֆրիգգը նաև բավականին «դուրս ընկած» կերպար ուներ, որովհետև պարբերաբար քնում էր վերջինիս եղբայրների հետ, իսկ Օդինն այդ մասին այդպես էլ չէր իմանում։ Այնուամենայնիվ, Ֆրիգգը Ասգարդի թագուհին էր և ուներ գուշակություններ անելու ունակություն, սակայն երբեք չէր հրապարակում դրանք։
Ֆրեյր ՝
Ֆրեյրը վիկինգների ամենասիրելի աստվածներից էր։ Նա էր Էլֆերի թագավորության տիրակալը, ջրերի, խաղաղության և տղամարդկանց «պտղաբերության» աստվածը։ Նա էր պատասխանատու մահկանացուներին խաղաղություն ու հաճույք պարգևելու համար։ Ֆրեյրն ամուսնացած էր Գերդ անունով հսկայի հետ, ում հետ ամուսնանալու իրավունքի համար նա ստիպված էր հրաժարվել իր կախարդական թրից, ինչը և պատճառ հանդիսացավ նրա մահվան համար, երբ Ռագնորակի ժամանակ նա ընկավ հրե հսկա Սութր հսկայի հետ մենամարտում։
Հեյմդալլ ՝
Հեյմդալլը աստվածների պահապանն ու ծիածանային կամրջի պահակն էր, որը միակ հաղորդակցության ուղին էր Ասգարդի և Միդգարդի միջև։ Նա կանգնած էր այդ կամրջի մոտ ու հսկում էր այն, իսկ Ռագնորակի ժամանակ նա պարտավոր էր ազդարարել դրա սկիզբը՝ փչելով հսկայական պոզը։ Հեիմդալլը միշտ ատում էր Լոկիին, անգամ երբ վերջինս դեռ սիրված էր, և հենց նա է սպանում վերջինիս, բայց ինքն էլ ընկնում է ճակատամարտերից մեկի ժամանակ։
Ֆրեյա ՝
Ֆրեյան սկանդինավյան դիցաբանության Աֆրոդիտեն էր՝ սիրո և գեղեցկության աստվածուհին, բայց ի տարբերություն հունական դիցուհու՝ Ֆրեյան վիկինգների աստված էր, ուստի սիրո ու գեղեցկության աստվածուհու դիրքը չէր խանգարում, որպեսզի նա լինի նաև կատաղի ու սարսափազդու։ Ֆրեյան ռազմատենչ Վալկիրիաների առաջնորդն էր ու բազմաթիվ աստվածային ճակատամարտերի մասնակից։ Ֆրեյային էր նաև վերագրվում հյուսիսափայլը։
Տիր ՝
Տիրը փառքի, մենամարտի ու պատերազմի աստվածն էր։ Նա էր, ով գերեց Ֆարնիր գայլին, ով սպանել էր Օդինին, բայց այդ առաքելության ժամանակ նա կորցրեց իր ձեռքը, ինչի համար նրան անվանում էին նաև «Պատերազմի կռնատ աստված»։ Տիրը ևս ընկավ Ռագնորակի ժամանակ, իսկ նրան սպանողը դժոխքի պահապանն էր՝ Գարմ հսկայական ու դիվային շունը։
Օդին ՝
Օդինը նորդական դիցաբանության մեջ գլխավոր աստվածն էր ու Ասգարդի տիրակալը։ Վիկինգները նրան էին վերագրում ամեն ինչ, իսկ նրանց դիցաբանության առանձնահատկությունն այն էր, որ միևնույն բանի աստված կարող էին հանդիսանալ միանգամից մի քանի տարբեր աստվածներ, ուստի պետք չէ զարմանալ, որ Օդինը պատերազմի, որսորդության, իմաստության, պոեզիայի, պտղաբերության, օդի… մի խոսքով ամեն ինչի աստվածն էր։ Համաձայն առասպելների՝ նա շատ երկար ու սպիտակ մորուք ուներ և միաչքանի էր։ Թեև նա ամենազոր էր, բայց չգիտես ինչու դա չփրկեց նրան Ֆարնիր գայլից և չօգնեց անգամ, որպեսզի նա զբաղեցնի այս ցուցակի առաջին հորիզոնականը։
Տոր ՝
Ահա և մեր հաղթողը. Տորը ամպրոպի և կայծակի աստվածն էր, հսկաների ահն ու սարսափը, Մյոլլնիր մուրձի տիրակալն ու ամենազորեղ մարտիկը։ Տորը տեղաշարժվում էր երկնակամարով իր հսկայական պղնձակուռ կառքով, որը քաշում էին երկու այծեր, ու նա պաշտպանում էր մարդկանց ու աստվածներին չար հսկաների դավադրություններից ու հարձակումներից։ Հենց նա է համարվում սկանդինավյան դիցաբանության ամենազորեղ աստվածը։
Օգտակար գրականություն ՝
Սկանդինավյան դիցաբանության 10 ամենազորեղ աստվածները։