հասարակագիտություն

Մարդու և քաղաքացու իրավունքներ

ԳԼՈՒԽ 2

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Մարդու արժանապատվությունը

Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Հոդված 24. Կյանքի իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Հոդված 25. Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

2. Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բժշկության եւ կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ եւ հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետեւանքների մասին:

Հոդված 26. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Մարմնական պատիժներն արգելվում են:

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Հոդված 27. Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաեւ հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաեւ մեղադրանքի մասին:

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով եւ ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում եւ կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Հոդված 28. Օրենքի առջեւ ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջեւ:

Հոդված 29. Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 30. Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են:

Հոդված 31. Մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

2. Մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր:

Հոդված 33. Հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության եւ գաղտնիության իրավունք:

2. Հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար եւ պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:

Հոդված 34. Անձնական տվյալների պաշտպանությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

2. Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին եւ պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաեւ ապօրինի ձեռք բերված կամ այլեւս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:

4. Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

5. Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 35. Ամուսնանալու ազատությունը

1. Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը եւ տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության եւ բարոյականության պաշտպանության նպատակով:

Հոդված 36. Ծնողների իրավունքները եւ պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով:

3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողներին։ Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 37. Երեխայի իրավունքները

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ եւ անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են:

Հոդված 38. Կրթության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը:

Հոդված 39. Մարդու ազատ գործելու իրավունքը

Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Հոդված 40. Ազատ տեղաշարժվելու իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

3. Յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:

4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Հոդված 41. Մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ եւ հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձեւերով արտահայտելու ազատությունը:

2. Մտքի, խղճի եւ կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակաuում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:

4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են եւ օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 43. Ստեղծագործության ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատություն:

Հոդված 44. Հավաքների ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու եւ դրանք կազմակերպելու իրավունք:

2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։

4. Հավաքների ազատության իրականացման եւ պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:

5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 45. Միավորումների ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ մասնավոր միավորման:

2. Միավորումների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

3. Միավորումների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով` միայն դատարանի որոշմամբ:

Հոդված 46. Կուսակցություն ստեղծելու եւ կուսակցությանն անդամագրվելու իրավունքը

1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու եւ որեւէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ կուսակցության:

2. Դատավորները, դատախազները եւ քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու եւ որեւէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:

3. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ իրենց գույքի մասին:

4. Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են եւ ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ:

Հոդված 47. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաեւ դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:

7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաեւ 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաեւ այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:

Հոդված 48. Ընտրական իրավունքը եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքը

1. Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք:

2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու եւ ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:

4. Ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաեւ այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք:

Հոդված 49. Հանրային ծառայության անցնելու իրավունքը

Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 50. Պատշաճ վարչարարության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2. Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչեւ անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 51. Տեղեկություններ ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաեւ տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:

Հոդված 52. Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 53. Հանրագիր ներկայացնելու իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 54. Քաղաքական ապաստանի իրավունքը

Քաղաքական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան հայցելու իրավունք: Քաղաքական ապաստանի տրամադրման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:

Հոդված 55. Արտաքսման կամ հանձնման արգելքը

1. Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

Հոդված 56. Ազգային եւ էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային եւ էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:

2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

3. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով:

Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը եւ աշխատանքային իրավունքները

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության եւ ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Մինչեւ տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Հոդված 58. Գործադուլի իրավունքը

1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:

2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 59. Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը

1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով:

2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը եւ հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:

Հոդված 60. Սեփականության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք:

2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:

6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

7. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել oրենքին համապատասխան uահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Հոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

Հոդված 62. Վնասի հատուցման իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաեւ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով:

2. Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երեւան եկած որեւէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Հոդված 63. Արդար դատաքննության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2. Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:

Հոդված 64. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 65. Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը

Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

Հոդված 66. Անմեղության կանխավարկածը

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հոդված 67. Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը

Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի եւ հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.

2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու եւ իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ եւ հնարավորություններ ունենալու իրավունք.

4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաեւ, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն եւ հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք.

5) թարգմանչի անվճար ծառայությունից օգտվելու իրավունք, եթե նա չի տիրապետում հայերենին:

Հոդված 68. Կրկին դատվելու արգելքը

1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա:

Հոդված 69. Դատապարտվածի բողոքարկման իրավունքը

Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք:

Հոդված 70. Ներման խնդրանքի իրավունքը

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման, ներառյալ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 71. Մեղքի սկզբունքը եւ պատժի համաչափության սկզբունքը

1. Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է:

2. Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:

Հոդված 72. Հանցագործություններ սահմանելիս եւ պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը

Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

Հոդված 73. Օրենքների եւ այլ իրավական ակտերի հետադարձ ուժը

1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Հոդված 74. Հիմնական իրավունքների եւ ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ

Հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Հոդված 75. Հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը

Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:

Հոդված 76. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում եւ 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Հոդված 77. Հիմնական իրավունքների եւ ազատությունների չարաշահման արգելքը

Արգելվում է հիմնական իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

Հոդված 78. Համաչափության սկզբունքը

Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:

Հոդված 79. Որոշակիության սկզբունքը

Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Հոդված 80. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը

Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները եւ միջազգային իրավական պրակտիկան

1. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

2. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *