հայոց պատմություն

Բագարան/Երվանդաշատ

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը, հաջորդել է Արմավիրին ու կոչվել նաև Մարմետ։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Մայրաքաղաքը տեղափոխելու գլխավոր պատճառներից է եղել, ըստ Մովսես Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից։

Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա՝ Երասխ գետի մոտակայքում։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով։ Բլրի վրա փորվում են նաև ջրի հորեր՝ մինչև բլրի հիմքը՝ հնարավոր պաշարման դեպքում ջրից օգտվելու համար։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ արքան տեղափոխում է Արմավիրի բնակչության մի մասը։ Այստեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։ Ճարտարապետ Թորոս Թորամանյանը նկատել է, որ շինությունների վիթխարի որձաքարերը միացվել են լոկ երկաթյա կապերով[1]։ Արաքիս դիմացի ափին արքան կառուցում է Երվանդակերտ դաստակերտը, որտեղ տեղափոխում է իր ընտանիքը։ Պատմահայր Խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից Շապուհ II արքայի զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները՝ այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Բագարան (Ամուր, Բագրան, Դիցավան, Բաքրան), բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս։ Հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք։

Պատմություն

Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մթա II դ սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխվել հեթանոսական կուռքերը, քաղաքի մոտ տնկել անտառ։ Բագարանում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա-ն, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում՝ նոր բնակավայրում, որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բագարանը կորցրել է իր երբեմնի քաղաքական ու հասարակական դերը։ Միայն IX դ, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Բագարանը նորից անշքացավ։ 1048 թվականին Բագարանը զավթեցին սելջուկները, որոնք ավերեցին քաղաքը, կոտորեցին բնակչությունը։ XII դ սկզբին այն գրավեցին Շահ–ի–Արմենները, իսկ 1211 թվականին՝ ազատագրեցին հայ–վրացական զորքերը։ 1394 թվականին Լենկթեմուրի հորդաները ավերի ու կողոպուտի մատնեցին Բագարանը։

1913 թվականի տվյալներով անշուք գյուղ էր և ուներ 796 (86 ընտանիք) հայ բնակիչ։

Պատմամշակութային կոթողներ

Հայաստանի մայրաքաղաքները

Բագարանում հայտնի են հայկական երեք եկեղեցի՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ, ս. Շուշան։ Դրանցից առաջինը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում, բայց առանց գմբեթի, կառուցվել է VII դարում։ Այն հիմնադրվել է Բուտ Առավեղյան իշխանը 624 թ., իսկ կառուցումն ավարտել է նույն իշխանի կինը՝ Աննան 631 թ.։ Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով հարում է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։ Օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կարծիքով ս. Թեոդորոս տաճարի կառուցվածքային տարրերը Բյուզանդիայի միջոցով անցել են Եվրոպա և իրենց ազդեցությունը թողել Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի մի ամբողջ շարք եկեղեցիների վրա։ Հին ու ակնահաճո կառուցվածք ունի նաև ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և գավառի բնակչության նշանավոր ուխտատեղներից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Հովհաննես Սմբատ թագավորի օրոք 1030 թ., իսկ ս. Շուշանը հավանաբար կառուցվել էր ավելի ուշ։ Բագարանի եկեղեցիների վրա նշմարված են ավելի քան 10 արձանագրություններ, որոնց թվում են նաև 956 ու 1034 թվականների արժեքավոր երկու արձանագրությունները։ Վերջինիս մեջ հիշատակվում է Վահան անունով մի քահանա, որ իրեն անվանում է «գծող»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *